Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գեղանկարիչը՝ ոսպնյակից այն կողմ

Գեղանկարիչը՝  ոսպնյակից այն կողմ
09.04.2024 | 11:01

Այդ օրը Նկարիչների միության ցուցասրահում բացվել էր գեղանկարիչ, լուսանկարիչ, բազմաթիվ գրքերի ձևավորող ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐԻ ստեղծագործական կյանքի հիմնական մասը կազմող ժառանգությունը՝ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպվել էր նրա համակուրսեցի կնոջ՝ Մարիետա Քոչարյանի և զավակների կողմից:

Սա Քոչարի 75-ամյակին նվիրված առաջին հետմահու ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին 15 -ից մինչև 71 տարեկան նրա վրձնահարած կտավները, բայց անշուշտ ոչ բոլորը, քանի որ հնարավոր չէր բոլորը ներկայացնել։
Մենք՝ նրա համակուրսեցիները, շրջում էինք սրահով, դիտում, կարոտում՝ ափսոսելով, որ Վահանը մեզ հետ չէ: Բայց ո՛չ, նա մեզ հետ էր։ Նա մեզ հետ էր յուրաքանչյուր նկարի հետ, խոսում էր դրանց միջոցով և իրեն բնորոշ լայնահուն ժպիտով անվերջ պատմում:

1949 թվականի հունվարի 25-ին Քոչարյան ընտանիքում ծնվում է առաջնեկը՝ Վահանը: Ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Քոչարը, հիսունական թվականներից աշխատում էր կինոստուդիայում: Ցավոք, այդ դժվար տարիներին հայրենիքում քչերին էր ֆոտոնկարչությունը հետաքրքրում որպես արվեստ, իսկ վերջինիս համար ֆոտոնկարչությունը լոկ ապրուստի միջոց չէր, այլ արվեստ, որին նա նվիրում է իր ամբողջ գիտակից կյանքը:

Վահան Քոչարն իր ողջ կյանքի ընթացքում նվիրվում է հոր լուսանկաչական ժառանգության լուսաբանմանը՝ հազվադեպ ցուցադրելով իր առաջնային մասնագիտությունը՝ գեղանկարչությունը:
Կանգնած մտորում էի և կարծես զրուցում Վահանի հետ։
«Տարիների ընթացքում մեր շուրջը դատարկվում է․ կորցնում ենք բարեկամներ, ընկերներ, հարազատներ, և ահա… յուրահատուկ մարդ էիր, Վահա՛ն։ Ավաղ դու էլ գնացիր, հավերժության գիրկը, և փակվեց կյանքի ևս մի շատ սիրելի գիրք:
Դու թողեցիր հուշեր, որոնք լի էին հումորով, հետաքրքիր պատմություններով, արկածներով, խինդով, բարությամբ և ամենակարևորը՝ հայրենասիրությամբ և մի բուռ մնացած հայրենիքիդ նվիրվածությամբ: Ծնված լինելով հայրենասեր արվեստագետի ընտանիքում՝ այդ ամենը քո մեջ ձևավորվել էր դեռ վաղ մանկությունից, որը գուցե էլ ավելի էր ընդգծվել այն ժամանակ, երբ սովորում էիր Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, նաև երբ ուսանում էինք Երևանի Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչա- գծագրական բաժնում: Լեռնագնաց Կարմիր Արամի և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արշավախմբերի հետ շրջում էինք Հայաստանի, Արցախի, ու Ջավախքի գյուղերով ու քաղաքներով, գծագրում և նկարում մեր պատմամշակութային բերդերը, ամրոցներն ու եկեղեցիները: Փորձում էինք մաքրել խոնարհված եկեղեցիները փշերից, տատասկներից և խորհրդային կուտակված աղբից: Հարազատ մնալով մեր նախնիների կանչին՝ անում էինք ամեն բան, որ մեր ժողովուրդը և հատկապես նոր սերունդը կարողանար տեսնել ու գնահատել, խնամել ու պահպանել իր դարավոր մշակույթը, որը լքված ու արհամարհված էր խորհրդային գաղջ դաստիարակության ու քարոզչության շնորհիվ: Դու գիտեիր նկատել, գնահատել և արժևորել իսկական արվեստն ու արվեստագետին, ինչն այնքան կարևոր է շնորհալի և ստեղծագործ մարդու համար:
Որպես հուշ թողեցիր մեծ սիրով ու վարպետությամբ արված բազմաթիվ գեղանկարներ, ֆոտոնկարներ և երեք անփոխարինելի գրքեր․
«Հայ լուսանկարիչներ» հանրագիտարան պատկերագիրքը, որը ներկայացնում է 19-րդ դարից սկսված Սփյուռքում և Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած հայ լուսանկարչատները և լուսանկարիչներին: Այդ գրքով դու աշխարհին ներկայացրիր անուշադրության մատնված հայ լուսանկարչության պատմությունն ու անցած փառավոր ուղին, և լուսանկարչությունը որպես կերպարվեստի արտահայտման յուրօրինակ միջոց գրավեց իր կայուն տեղը հայ մշակույթի պատմության գանձարանում:
«VIVE LA CINEMA»՝ անչափ հետաքրքիր գիրք, որտեղ ներկայացված են «Հայֆիլմի» նկարահանման հրապարակում իր հայրիկի՝ Անդրանիկ Քոչարի կողմից արված կուլիսային լուսանկարները։
«Հիսուսի Անձեռակերտ Պատկերը Հայոց Աբգար թագավորի դաստառակին» ուսումնասիրությունը: Այս հետազոտության հիմնական նպատակն է՝ Փրկչի Անձեռակերտ Պատկերի իրական հաստատումով ցույց տալ նաև, որ նախնյաց ժառանգության թողած ավանդույթները երևակայության արդյունք չեն, այլ վավերագրեր են իրական հենքի վրա խարսխված դեպքերի:
Որպես յուրահատուկ ճաշակ ունեցող նկարիչ Վահանը նաև ձևավորել է տասնյակ պատկերագրքեր, այդ թվում՝ Ժամանակակից արվեստի թանգարանի հատորները: Հայ մտավորականների շարքում Վահանը ուներ իր ուրույն տեղը, նա ոչ ոքի նման չէր, ինքը նման էր իրեն, խորագետ էր, պրպտող, ըմբոստ, համարձակ եզրակացություններ անող և օժտված էր արվեստի տարբեր բնագավառներ ներխուժելու և հասկանալու կարողությամբ: Աշխարհի շատ երկրների ցուցասրահներում Վահանը մասնակցել է իր լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքներով, որի համար 2012 թ․ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով, իսկ 2016 թ․՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նրա գեղանկարների հավաքածուները ներառում են տարվա չորս եղանակները ներկայացնող գույները՝ նատյուրմորտներ, գունային և գծային, հորինվածքներ, բնանկարներ, ինչպես նաև որմնանկարներ: Գեղանկարչության մեջ Վահանը կերտում է իր ինքնուրույն ճանապարհը՝ չնմանակելով ոչ մեկին, դրսևորելով արտահայտման անհատական ոճ ու ասելիք աշխարհին: Հոդվածիս կաշկանդիչ շրջանակները թույլ չեն տալիս առավել ներկայացնել նրա գեղանկարների յուրօրինակ արտահայտչական միջոցները՝ հորինվածքային կառուցվածքը, արևային գույների աշխարհը և գունանկարչական ինքնատիպ մեկնաբանումները, մի ծայրում շառաչուն զգացմունքները, մյուսում՝ ծայրահեղ քնարական կտավները:
Եվ նրա ստեղծագործ բեղուն գործունեությունը դեռ կշարունակվեր՝ աշխարհին նվիրելով գեղանկարչական նորանոր արժեքավոր աշխատանքներ, եթե չարաբաստիկ հիվանդությունը անժամանակ չկտրեր նրա կյանքի թելը: Վահանը հարցեր տվող և լսող էր, հետաքրքրությամբ քննարկում և խորհում էր Աստվածաշունչ մատյանի խորախորհուրդ ճշմարտությունների մասին: Հախուռն ու լավատես այդ հրաշալի հայորդին անդավաճան էր իր հավատքին և ես հավատում եմ, որ նա մարդ էր ոսպնյակից այն կողմ, որն իր գանձերը հավաքեց երկնքում: Նա հեռացավ կյանքից, որը շատ-շատ էր սիրում և դեռ բազմաթիվ ծրագրեր ու անելիքներ ուներ ի նպաստ մեր ժողովրդի:

Էմիլյա ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ